Անդրանիկ Օզանյան / ուսումնական նախագիծ / նոյեմբերի 2-7

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Անդրանիկ անունը նշանակում է «առաջնեկ», իսկ Օզանյան ազգանունը նրա նախնիները վերցրել են հայրենի բնակավայրից՝ Շապին Գարահիսարին հարևան Օզան գյուղից: Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը մեկ տարեկան, նրան խնամելու գործն իր ուսերին է վերցրել քույրը՝ Նազելին:

Պատանեկան տարիներից հյուսնություն է արել Անդրանիկի Օզանյանն ամուսնացել է 17 տարեկանում, երբ աշխատում էր  հոր ատաղձագործական խանութում: Մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, Անդրանիկի կինը վախճանվել է, ցավոք դա չի փրկել երեխայի կյանքը և ծնվելուց մեկ օր անց նա նույնպես մահացել է:

Տարվելով Արևմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական շարժումներով` շուտով հյուսնի ուրագը փոխարինում է հրացանով: 1888 թ. Անդրանիկ Օզանյանն անդամագրվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, բայց, շուտով խզում է կապերը հնչակյանների հետ և 1894 թ. անդամագրվում նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հնչակյանների շարքերում էլ նա սկսում է իր հեղափոխական գործունեությունը: 1889 թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալվում է, սակայն հաջողվում է փախչել բանտից ու շարունակել պայքարը: Անդրանիկը շուտով միանում է Աղբյուր Սերոբի խմբին և հիմնականում զբաղվում Արևմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ ու ֆիդայական խմբերի զինմամբ: 1895-ից նա ակտիվ ֆիդայական կյանք է վարում, աչքի է ընկնում բազում մարտերում: Անդրանիկի տաղանդն այն էր, որ ճիշտ և ժամանակին էր կողմնորոշվում տեղանքում, հմտորեն, արագ տեղաշարժվելով` կարողանում էր իր ջոկատը տեղաբաշխել այնպես, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր: Նա անչափ քաջ ու խիզախ էր, նաև վճռական ու խիստ:

Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում և կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:

1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության:

1912 թ. Անդրանիկը կրկին փայլեց իր ռազմական հանճարով, այս անգամ` սկսված Բալկանյան երկրորդ պատերազմում, երբ Գարեգին Նժդեհի հետ հայ կամավորական զորաջոկատ կազմեց ու նետվեց պատերազմի թուրքերի դեմ: Իր զորաջոկատով Մարիցա գետի ափին ջարդելով թուրքական մեծաքանակ բանակը` նա Բուլղարիայի կառավարության կողմից արժանացավ բարձրագույն պարգևի` «Ոսկե խաչի»:

Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից Անդրանիկը նետվեց Կովկասյան ճակատ: Նա գլխավորեց հայկական առաջին կամավորական ջոկատը: Աչքի ընկավ Բիթլիսի, Մուշի, Վանի մատույցներում: Բայց այս պատերազմում Անդրանիկին հռչակ բերեց հատկապես Դիլմանի ճակատամարտը. 1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի ջոկատի քաջության և հրամանատարի հմտության շնորհիվ: Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:

1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։

Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թվականին փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։

1918 թվականի հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմսունային։

Դեռևս 1918 թվականի ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։

Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թվականի հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։

Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։

1921 թվականին՝ Զորավար Անդրանիկը ցանկացավ մտնել Կիլիկիա, այնտեղի հայերի ինքնապաշտպանությունը իր վրա վերցնելու,և Քեմալական Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Սակայն՝ Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Զորավարի մուտքը Կիլիկիա։

Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:

Աղբյուրներ՝ 

Оставьте комментарий