Ստեփան Զորյան «Ցանկապատ»

Վաղուց, շատ վաղուց, գուցե դեռ պապերի օրից Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի: Իրանք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրանց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք. երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա. ծառերից շատերն արմատից ու բներից շևակալել էին ու փրչոտել, ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ. շատ տեղ ծեր, խլխլոտած ծառերի կողքին անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ կարծես ծերերին արհամարհելով աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար, աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկներր մեկնել դեպի հարևան ծառը… Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ- մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փ՚ոքրիկ պարտեզներում. ծառերը նմանում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն… Եվ այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։ Читать далее

Реклама