Մ. Գալշյան « Ծիրանի ծառ» (հատված)

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

39484_bՔսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

Մ. Գալշյան « Ծիրանի ծառ» (հատված): Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s